Tag:

news

«Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի շրջանակում 2022թ․ մարտի 22-ին, 24-ին և 26-ին Շիրակի, Տավուշի և Երևանի՝ մրցույթի մասնակից ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվեցին միջոցառումներ գարնանային դպրոցի շրջանակում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հետազոտական նախագծերը, ինչպես նաև ծանոթանալու մրցույթի մասնակից մյուս աշակերտների նախագծերին և կատարած աշխատանքին։

Էսթեր Հակոբյան, ԴԻ-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի տնօրեն

Միջոցառման առաջին մասում մասնակից խմբերը ծանոթացան, այնուհետև «Խճանկար» խաղի ընթացքում, համագործակցելով միմյանց հետ, հավաքեցին խորհրդային շրջանի մշակույթը ներկայացնող տարբեր պատկերներ և ներկայացրեցին դրանք՝ քննարկում ծավալելով թեմաների շուրջ։

“Խճանկար” վարժանք, Դիլիջան

 

“Խճանկար” վարժանք, Գյումրի

Միջոցառման երկրորդ մասում մասնակից թիմերը պաստառների միջոցով ներկայացրեցին իրենց հետազոտական նախագծերը և այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ Հետազոտությունների համար ընտրվել են խորհրդային շրջանում կառուցված և/կամ այլ նպատակներով օգտագործված համայնքային հուշարձաններ, շինություններ, դպրոցներ, մշակութային տներ, թաղամասեր, փողոցներ և այլն։ Աշակերտները փորձել են դուրս բերել մոռացված պատմություններ այդ վայրերի մասին՝ ուսումնասիրություններ կատարելով արխիվներում, գրադարաններում, ինչպես նաև հարցազրույցներ անցկացնելով ականատեսների հետ։

 

 

Թիվ 134 դպրոցի պաստառ

 

Չորաթանի միջնակարգ դպրոցի պաստառ


Նահապետավանի միջնակարգ դպրոցի թիմ

Միջոցառման ընթացքում 2021թ․ վերապատրաստված ուսուցիչները ստացան դասընթացի մասնակցության իրենց վկայականները։

 

Գարնանային դպրոցի հատուկ հյուրն էր գրող, բանաստեղծ Վահրամ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց իր «Բամբակե պատեր» վեպը՝ քննարկում ծավալելով ԽՍՀՄ լեզվական քաղաքականության և մշակութային ու քաղաքական այլ դրսևորումների մասին։

Գարնանային դպրոցին ընդհանուր առմամբ մասնակցեցին 33 ուսուցիչ և 212 աշակերտ Շիրակից, Տավուշից և Երևանից։ Բոլոր մասնակիցները ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը փորձի փոխանակման, նոր գիտելիքների և ընկերների ձեռքբերման և իրենց մեծ ծրագրի մաս զգալու առումով։

2022թ․ հունվարի 27-ին, 28-ին և 31-ին անցկացվեցին առցանց դասընթացներ համապատասխանաբար Տավուշի, Շիրակի և Երևանի հանրակրթական դպրոցների՝ «Պատմության մրցույթներ 3.0» ծրագրում ներգրավված ուսուցիչների և նրանց աշակերտական խմբերի համար։

Դասընթացը վարեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ծրագրային թիմի անդամները։ Նրանք մասնակիցներին ներկայացրեցին այս տարի կայանալիք պատմության մրցույթի պայմաններն ու պահանջները, ինչպես նաև խոսեցին հատուկ ծրագրի համար պատրաստված կայքի, դրա հնարավորությունների ու կիրառելիության, հետազոտական աշխատանքների ներկայացման կարգի մասին։

Հանդիպմանը մասնակից ուսուցիչներն ու աշակերտները հնարավորություն ունեցան պարզաբանումներ ստանալ մրցույթի վերաբերյալ իրենց հուզող բովանդակային և տեխնիկական հարցերին։

Հանդիպման երկրորդ մասում կազմակերպիչները ներկայացրեցին մի շարք ձևաչափեր և գործիքներ, որոնք մրցույթի մասնակիցները կարող են դիտարկել իրենց վերջնական աշխատանքները պատրաստելու համար։ Այդպիսի ձևաչափերի թվում են շարադրությունը (էսսե), ֆոտո և վիդեո պատմությունները, փոդքասթը, ցուցապաստառը կամ դրանց համադրությունները։ Դասընթացին կիրառված սահիկահանդեսը կարող եք գտնել հետևյալ հղումով

Երեք օրվա առցանց հանդիպումներին միացան ընդհանուր 265 մասնակիցներ, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին անցկացված դասընթացների և տրամադրված նյութերի համար։


Հայաստանում նախագծի պաշտոնական լոգո

2021թ․ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը Հայաստանում։

Միջոցառմանը հրավիրված էին նախագծի շրջանակում հայտարարված բաց մրցույթին հետաքրքրության հայտ ներկայացրած բոլոր ուսուցիչները։

Միջոցառումն իրականացվեց հիբրիդ տարբերակով։ Երևանի Բուն ակումբում անցկացված դեմառդեմ միջոցառման ընթացքում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի թիմը և փորձագետները մասնակից ուսուցիչներին ներկայացրեցին նախագիծը, նպատակներն ու նախատեսվող աշխատանքները։

Կազմակերպիչները ներկայացրեցին նաև 2021-2022թթ․ շրջափուլի համար ընդհանուր թեման նախագծի մասնակից բոլոր երկրների համար, այն է՝ «Մերժման և կարոտի միջև․ Խորհրդային և հետխորհրդային պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում», որն ընտրվել է՝ ի նշանավորումն Խորհրդային միության փլուզման 30-ամյակի։ Հայաստանում անցկացվող մրցույթի թեման կլինի «Մոռանալու և հիշելու արանքում. Խորհրդային և հետխորհրդային հիշողության լանդշաֆտը համայնքներում և ընտանիքներում», որի շրջանակում մասնակից աշակերտները կհետազոտեն իրենց համայնքներում առկա կամ երբևէ գոյություն ունեցած խորհրդային ժամանակաշրջանի հուշարձաններն ու շինությունները, վեր կհանեն հայտնի և մոռացված պատմություններ դրանց մասին, կխորհեն իրենց համայնքներում դրանց նշանակության և կարևորության մասին։ Այդ հուշարձանները կարող են վերածվել գործնական ուսուցման և ուսումնառության այլընտրանքային վայրերի։


նախագծի պաշտոնական մեկնարկ

Միջոցառման հրավիրյալ բանախոսներ Աղասի Թադևոսյանը և Գայանե Շագոյանը խոսեցին Խորհրդային անցյալի վերանայման, նոր մեթոդներով և մոտեցումներով ուսումնասիրության և դասավանդման կարևորության մասին։

Միջոցառմանը դեմառդեմ և առցանց մասնակցող ուսուցիչները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու բանախոսներին, ինչպես նաև ծանոթացան նախագծի բովանդակությանն և նախատեսվող քայլերին։


Հովհաննես Հովհաննիսյան, ԵՊՀ ռեկտոր, նախագծի գլխավոր աջակից

Մասնակիցներին տեսաուղերձով դիմեց նաև նախագծի գլխավոր աջակից, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով նման նախագծերի անցկացումը Հայաստանի հանրային դպրոցներում:

2021թ․ հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցներում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ պատմություն առարկայի դասավանդման նոր մեթոդների և ռազմավարությունների վերաբերյալ։


Տավուշի մարզի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց

Յուրաքանչյուր տարածաշրջանի ուսուցիչների համար իրականացվեց մեկ եռօրյա դեմառդեմ դասընթաց «Բանավոր և տեղական պատմության մեթոդներ» թեմայով (Շիրակի մարզ՝ հոկտեմբերի 27-29, Տավուշի մարզ՝ նոյեմբերի 3-5, Երևան՝ նոյեմբերի 26-28)։ Դասընթացը վարեցին «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ փորձագետներ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ Դասընթացը երաշխավորված է որպես ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021թ․ մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով և կներդրվի 2022 թվականից։


Ուսուցիչների վերապատրաստման դասընթաց Երևանում

Հոկտեմբերի 30-ին նախագծում ընդգրկված բոլոր ուսուցիչների համար անցկացվեց առցանց դասընթաց «Ակտիվ պատմական մտածողության ռազմավարություններ» թեմայով, որը վարեցին «Պարադիգմա» կրթական հիմնադրամի փորձագետներ Նարեկ Մանուկյանը և Թալին Սաղդասարյանը։

Դասընթացներին մասնակցել են շուրջ 50 ուսուցիչներ, ովքեր, կիրառելով ստացված գիտելիքներն ու հմտությունները, կկազմեն հետազոտական նախագծեր և կձևավորեն աշակերտական խմբեր՝ 2022թ․ պատմության մրցույթին մասնակցելու համար։