«Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագիր
Իրականացնող կազմակերպություն՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ
Գործընկեր կազմակերպություններ՝ «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Մասնակցային դպրոց ՀԿ
Վայր՝ Երևան, Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք
Ժամանակահատված՝ Հունիս 2023 – Դեկտեմբեր 2024
Ծրագրի մասին
«Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում ծրագրի իրականացման համար Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը համագործակցում է «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի և Մասնակցային դպրոց ՀԿ-ի հետ։
Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում պատմություն առարկայից քննադատական մտածողության զարգացումը՝ նախագծային ուսուցման և դասավանդման ու ուսումնառության նոր մեթոդների և ռազմավարությունների ներդրման միջոցով։ Այս մոտեցումն ընկած է Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի կողմից 2001թ․ հիմնադրված «Պատմության մրցույթների» մոդելի հիմքում, որի ընթացքում մասնակիցները ինքնուրույն ուսումնասիրում են իրենց միջավայրի պատմությունը՝ տեղեկատվություն ստացողի դերից անցնելով տեղեկատվություն ստեղծողի դերի։ Սա խթանում է սովորողների անձնական պատասխանատվությունը և քննադատական մտածողությունը։
«Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը մեկնարկել է 2001թ․ EUSTORY ոչ ֆորմալ ցանցի կողմից։ Ցանցը ստեղծվել է Գերմանիայում Քյորբեր հիմնադրամի կողմից և միավորում է ավելի քան 20 երկրների 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ 2001թ․-ից ի վեր անցկացվել են շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230․000 երիտասարդներ ողջ Եվրոպայից։
Յուրաքանչյուր ծրագրի համար ընտրվում է մեկ ընդհանրական և մեկ ազգային թեմա, որի շրջանակներում մրցույթի մասնակից աշակերտները և ուսուցիչները պետք է իրականացնեն հետազոտական նախագիծ և ներկայացնեն իրենց աշխատանքները։ Ծրագրի մասնակից բոլոր չորս երկրների համար 2023 – 2024թթ․ փուլի ընդհանրական թեման է «Ուսումնասիրելով պատմության վրա հիմնված քարոզչությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում», իսկ Հայաստանի ազգային թեման է՝ «Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ»։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են
հետևյալ հիմնական գործողությունները․
- Երևանի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացների անցկացում «Պատմություն առարկայի դասավանդում նախագծային և հետազոտական մեթոդների կիրառմամբ» թեմայով (դեկտեմբեր, 2023թ․)
- Վերապատրաստված ուսուցիչների կողմից աշակերտական խմբերի ձևավորում, հետազոտական թեմայի ընտրություն և պլանի մշակում, նախապատրաստում մրցույթին (հունվար, 2024թ․)
- Աշակերտական թիմերի կողմից հետազոտական նախագծերի իրականացում ուսուցիչների աջակցությամբ (մարտ – մայիս, 2024թ․)
- Ծրագրի մասնակից ուսուցիչների և աշակերտների համար դեմառդեմ մարզային աշխատարանների անցկացում (ապրիլ, 2024թ․)
- Պատմության մրցույթի հայտարարում (մայիս, 2024թ․)
- Աշակերտների կողմից հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացում
- Մասնագիտական ժյուրիի կողմից աշխատանքների գնահատում և հաղթողների ընտրություն
- Աշխատանքների հրապարակում ծրագրի կայքում
- Փորձի փոխանակում բոլոր չորս երկրներում ծրագրի մասնակից աշակերտների և ուսուցիչների համար
- Մասնակցություն 2024թ․ տարեվերջին կայանալիք միջազգային երիտասարդական «Պատմության ճամբարին»,
- Ուսուցիչների համար պատմություն առարկայից նախագծային աշխատանքներ իրականացնելու ուղեցույցի ստեղծում։