2023թ․ դեկտեմբերին անցկացվեցին պատմության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ հետազոտական նախագծեր իրականացնելու վերաբերյալ «Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագրի շրջանակում։ Դասընթացներին ներգրավվեցին Երևանի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Կոտայքի և Արմավիրի մարզերի հանրակրթական դպրոցներում պատմություն դասավանդող 63 ուսուցիչներ։
Դասընթացը վարում էին պատմաբան, ազգագրագետ Լուսինե Խառատյանը և Շուշանիկ Սարատիկյանը՝ ներկայացնելով պատմություն առարկայից հետազոտական նախագծեր իրականացնելու սկզբունքները, ինչպես նաև բանավոր պատմությունը որպես տեղեկատվության համաքագրման մեթոդ կիրառելու առանձնահատկություններ։ Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը ներկայացնում էր տարբեր աղբյուրներից օգտվելու, այդ աղբյուրներին քննադատաբար մոտենալու և վերլուծելու կարևորությունը։
Դասընթացի ավարտին ուսուցիչները ձևավորեցին 5-9 հոգանոց աշակերտական թիմեր, նրանց հետ ընտրեցին իրենց հետազոտության թեման ազգային ընդհանուր թեմայի շրջանակում, այն է՝ «Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ», միասին կազմեցին հետազոտության պլանը։ Հետազոտական պլանի հիման ուսուցիչներն ու աշակերտները պետք է իրականացնեն հետազոտություններ, իսկ արդյունքները ներկայացնեն պատմության մրցույթին մինչև 2024թ․ մայիսի 31-ը։