Author

Tatevik Asryan

Սույն թվականի օգոստոսի 2-6 Վրաստանի Իկալտո բնակավայրում անցկացվեց Ամառային ակադեմիա «Պատմության մրցույթներ 3,0» ծրագրի մասնակից ուսուցիչների համար։ Ակադեմիային ներկա էին պատմության 18 ուսուցիչներ Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից։ Ուկրաինայի թիմը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, ցավոք, չկարողացավ ժամանել Վրաստան և մասնակցել երկար սպասված այս հանդիպմանը։

Ակադեմիայի ընթացքում ուսուցիչները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձով, խոսեցին նախագծային հետազոտական աշխատանք կատարելու հնարավորությունների և դժվարությունների մասին, քննարկեցին խոչընդոտներն ու դրանց լուծումները, ինչպես նաև ներկայացրեցին պատմության դասավանդման իրենց պրակտիկան, կիրառած մեթոդներն ու ռազմավարությունները։

Հայաստանի թիմի քննարկումը Ամառային ակադեմիայի ժամանակ

 

Ակադեմիայի հրավիրյալ բանախոսները ներկայացրեցինք նոր մոտեցումներ և մեթոդներ պատմություն առարկան արդյունավետ կերպով դասավանդելու համար, մասնավորպես՝ Էլենե Մեձմարիաշվիլին խոսեց դպրոցում ռեպրեսիաների և տրավմատիկ անցյալի մասին դասավանդելու մոտեցումների մասին, իսկ Գայանե Շագոյանը ներկայացրեց «հիշողության լանդշաֆտը» որպես պատմության դասավանդման կոնցեպտ և գործիք կիրառելու մասին։ Վրաստանի «Սովլաբ» կազմակերպության ներկայացուցիչ Ռուսուդան Կոբախիձեն ներկայացրեց կազմակերպության իրականացրած հետազոտությունները և հրապարակած գրականությունը, որը կարող է Խորհրդային ժամանակաշրջանի դասավանդման համար օգտակար ռեսուրս հանդիսանալ ուսուցիչների համար։

Էլենե Մեձմարիաշվիլի


Գայանե Շագոյան

 

Ռուսուդան Կոբախիձե

Մասնակցիները նաև փոխանակեցին մտքեր ծրագրի շարունակության, հնարավոր թեմաների և առաջարկվող փոփոխությունների մասին։

Միջոցառումը թույլ տվեցին ծրագրի մասնակից լավագույն ուսուցիչներին հանդիպելու և միասին ամփոփելու ծրագրի ընթացքում իրենց ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, ինչպես նաև խնդիրները՝ հույս հայտնելով հետագա տարիներին ևս նման հանդիպումների մասնակցության։

Սույն թվական հունիսի 17-ին Արամ Խաչատրյանի տուն – թանգարանի դալիճում տեղի ունեցավ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում 3,0» ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը։ Արարողությանը հրավիրված էին պատմության մրցույթին ներկայացված 46 աշխատանքներից մասնագիտական ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված 14 աշխատանքների հեղինակ աշակերտներն ու աշակերտական խմբերը իրենց ուսուցիչների հետ։

Միջոցառմանը ներկա էին նաև ծրագրի փորձագետներ Լուսինե Խառատյանը և Ռուզաննա Ծատուրյանը, ինչպես նաև ժյուրիի անդամներ Էվիյա Հովհաննիսյանը, Վահրամ Սողոմոնյանը և Հուրիկ Ադդարեանը։ Միջոցառման պատվավոր հյուրն էր EUSTORY միջազգային ոչ ֆորմալ ցանցի (Պատմության մրցույթներ նախաձեռնության միջազգային ցանց) գործադիր տնօրեն Կատյա Ֆաուսերը։

Էսթեր Հակոբյան (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն), Կատյա Ֆաուսեր (EUSTORY գործադիր տնօրեն)

Հունվար – ապրիլ ամիսների ընթացքում դեռևս 2021թ․ ծրագրի շրջանակներում վերապատրաստաված ուսուցիչներն իրենց աշակերտական խմբերի հետ իրականացրել են հետազոտությունները՝ հայտնաբերելով և ուսումնասիրելով իրենց համայնքում առկա շինություններն ու հուշարձանները, որոնք կառուցվել, շահագործվել կամ ձևափոխվել են խորհրդային միության շրջանում, դրանց հետ կապված մարդկանց հուշերը։ Հետազոտությունների համար աշակերտներն օգտագործել են բանավոր պատմության մեթոդը՝ համադրելով ստացված տեղեկատվությունը արխիվային փաստաթղթերի, գրականության և մամուլում հրապարակված նյութերի հետ։ Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են ս․թ․ ապրիլի 1-30-ը ընկած ժամանակահատվածում, որից հետո 6 անդամից կազմված մասնագիտական ժյուրին գնահատել է աշխատանքները նախապես սահմանված չափանիշներին համապատասխան։ Ամենաբարձր միավորներ ստացած աշխատանքները՝ թվով 14 աշխատանք, ճանաչվել են մրցանակակիր հետևյալ անվանակարգերում․

Լավագույն աշխատանք (3)

Լավագույն հետազոտական աշխատանք (3)

Հատուկ մրցանակներ (8)

 

 

Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքների հեղինակ աշակերտներն ու խմբերը ստացան վկայականներ, իսկ մրցանակակիր թիմերը՝ նաև հատուկ մրցանակներ։ Լավագույն աշխատանքներ ներկայացրած թիմերի ուսուցիչները ևս արժանացան հատուկ մրցանակների իրենց ներդրման և ցուցաբերած արդյունքների համար։

Լավագույն աշխատանքների հեղինակ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու ս․թ․ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Պատմության ճամբարին», որին կմասնակցեն նաև ծրագրի անդամ մյուս 3 երկրների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատմության մրցույթների հաղթող աշխատանքների հեղինակները։

«Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի շրջանակում 2022թ․ մարտի 22-ին, 24-ին և 26-ին Շիրակի, Տավուշի և Երևանի՝ մրցույթի մասնակից ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվեցին միջոցառումներ գարնանային դպրոցի շրջանակում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հետազոտական նախագծերը, ինչպես նաև ծանոթանալու մրցույթի մասնակից մյուս աշակերտների նախագծերին և կատարած աշխատանքին։

Էսթեր Հակոբյան, ԴԻ-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի տնօրեն

Միջոցառման առաջին մասում մասնակից խմբերը ծանոթացան, այնուհետև «Խճանկար» խաղի ընթացքում, համագործակցելով միմյանց հետ, հավաքեցին խորհրդային շրջանի մշակույթը ներկայացնող տարբեր պատկերներ և ներկայացրեցին դրանք՝ քննարկում ծավալելով թեմաների շուրջ։

“Խճանկար” վարժանք, Դիլիջան

 

“Խճանկար” վարժանք, Գյումրի

Միջոցառման երկրորդ մասում մասնակից թիմերը պաստառների միջոցով ներկայացրեցին իրենց հետազոտական նախագծերը և այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ Հետազոտությունների համար ընտրվել են խորհրդային շրջանում կառուցված և/կամ այլ նպատակներով օգտագործված համայնքային հուշարձաններ, շինություններ, դպրոցներ, մշակութային տներ, թաղամասեր, փողոցներ և այլն։ Աշակերտները փորձել են դուրս բերել մոռացված պատմություններ այդ վայրերի մասին՝ ուսումնասիրություններ կատարելով արխիվներում, գրադարաններում, ինչպես նաև հարցազրույցներ անցկացնելով ականատեսների հետ։

 

 

Թիվ 134 դպրոցի պաստառ

 

Չորաթանի միջնակարգ դպրոցի պաստառ


Նահապետավանի միջնակարգ դպրոցի թիմ

Միջոցառման ընթացքում 2021թ․ վերապատրաստված ուսուցիչները ստացան դասընթացի մասնակցության իրենց վկայականները։

 

Գարնանային դպրոցի հատուկ հյուրն էր գրող, բանաստեղծ Վահրամ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց իր «Բամբակե պատեր» վեպը՝ քննարկում ծավալելով ԽՍՀՄ լեզվական քաղաքականության և մշակութային ու քաղաքական այլ դրսևորումների մասին։

Գարնանային դպրոցին ընդհանուր առմամբ մասնակցեցին 33 ուսուցիչ և 212 աշակերտ Շիրակից, Տավուշից և Երևանից։ Բոլոր մասնակիցները ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը փորձի փոխանակման, նոր գիտելիքների և ընկերների ձեռքբերման և իրենց մեծ ծրագրի մաս զգալու առումով։