Ս․թ․ ապրիլ ամսվա ընթաքում անցկացվել են երեք դեմառդեմ միջոցառում՝ գարնանային դպրոց «Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագրում ներգրավված բոլոր ուսուցիչների և աշակերտների համար։ Շիրակի մարզի մասնակիցների համար միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Գյումրիում, որին մասնակցել են 74 ուսուցիչ և աշակերտ։ Ապրիլի 20-ին Դիլիջանի Կենտրոնական դպրոցում անցկացված միջոցառմանը ներկա են եղել 94 ուսուցիչ և աշակերտ Տավուշի և Լոռվա մարզերից։ Երրորդ միջոցառումն իրականացվել է Երևանում Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի մարզերի և Երևանի ուսուցիչների ու աշակերտների համար ապրիլի 27-ին ընդհանուր շուրջ 130 մասնակցի համար։
Դեռևս տարեսկզբին հանրակրթական դպրոցումներում «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող 38 ուսուցիչներ ձևավորեցին 42 աշակերտական թիմեր, ընտրեցին իրենց թիմերի համար հետազոտական թեմա ծրագրի ընդհանուր թեմայի շրջանակում («Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ»), կազմեցին հետազոտական պլան և մեկնարկեցին հետազոտական նախագծային աշխատանքները։
Գարնանային դպրոցների ընթացքում բոլոր թիմերը ամփոփեցին ծրագրի մեկնարկից մինչ այս պահը կատարած աշխատանքները, հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց աշխատանքներին պաստառների միջոցով, ինչպես նաև լրացրեցին իրենց գիտելիքները Խորհրդային քարոզչության մասին «Խճանկար» վարժանքի և «Քարոզչությունը խորհրդային մուլտֆիլմերում» թեմայով հատուկ դասախոսության միջոցով։ Թիմերը նաև ստացան հետադարձ կապ փորձագետների կողմից հետազոտական նախագծերի արդյունքները լավագույնս ներկայացնելու վերաբերյալ։
Աշակերտական թիմերը դեռևս 1 ամիս ժամանակ ունեն ավարտելու իրենց հետազոտական նախագծերը և արդյունքները ներկայացնելու «Պատմության մրցույթներին» (աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 31)։ Ժյուրիի կողմից հաղթող ճանաչված թիմերը կստանան խրախուսական նվերներ։