2024թ․ հուլիսի 31-ին Լոֆթ Երևանում տեղի ունեցավ «Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագրի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը։ Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ, ծրագրի փորձագետ Լուսինե Խառատյանը և EUSTORY ցանցի գործադիր տնօրեն Կատյա Ֆաուսերը։
Շուրջ 4 ամիս տևած հետազոտական նախագծերից հետո ծրագրի մասնակից աշակերտական թիմերի կողմից պատմության մրցույթին ներկայացվել էր 39 աշխատանք, այդ թվում՝ խմբային և անհատական, որոնցից 11-ը, մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքում, զբաղեցրեցին մրցանակային տեղեր հետևյալ անվանակարգերում․
Գլխավոր մրցանակ՝ 3 թիմ
2-րդ մրցանակային տեղ՝ 3 թիմ
3-րդ մրցանակային տեղ՝ 4 թիմ
Երեք աշխատանք արժանացավ ժյուրիի անդամների և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի համակրանք մրցանակներին։
Մրցանաբաշխության արարողությանը զուգաընթաց տեղի ունեցավ նաև ներկայացված աշխատանքների այլընտրանքային ցուցահանդես։ Մրցութային աշխատանք ներկայացրած թիմերը նախապես ուղարկել էին իրենց կողմից բանավոր պատմության մեթոդաբանությամբ իրականացված հարցազրույցներից ամենատպավորիչ հատվածները և/կամ իրենց փորձառությունը ծրագրի շրջանակում՝ կցելով լուսանկար, որոնք տեղադրվել էին յուրաքանչյուր թիմի համար պատրաստված առանձին տուփի մեջ։ Միջոցառման ընթացքում թիմերին մրցանակներ հանձնելիս բացվեցին համապատասխան տուփերը, ընթերցվեցին ամենատպավորիչ հատվածները, որից հետո միայն տվյալ թիմը ստացավ իր մրցանակը։
Միջոցառման երկրորդ հատվածում մրցանակային տեղեր չզբաղեցրած թիմերի տուփերը ևս բացվեցին և ընթերցվեցին մասնակիցների կողմից։
Բոլոր պատմությունները փակցվեցին հատուկ պատրաստված «Ամփոփապատի» վրա՝ միավորելով և լսելի դարձնելով բոլորի ձայները։
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հեղինակ ուսուցիչները, ծրագրի մասնակից մյուս երկրների (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) Պատմության մրցույթներում հաղթող ճանաչված ուսուցիչների հետ, հնարավորություն կունենան մասնակցելու ս/թ հոկտեմբերի 17-20 Բուդվա քաղաքում (Մոնտենեգրո) կայանալիք «Ուսուցիչների ակադեմիային», իսկ աշակերտների համար հնարավորություն կլինի մասնակցելու հոկտեմբերի 23-27-ը Ռիգայում (Լատվիա) կայանալիք «Պատմության ճամբարին», որը կազմակերպվում է EUSTORY համաեվրոպական ամենաամյա երիտասարդական համաժողովին զուգընթաց։